Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հովհաննես Թումանյանը և բարեգործությունը

Հովհաննես Թումանյանը և բարեգործությունը
24.09.2017 | 00:47

Մեծն բանաստեղծի ներքոբերյալ հոդվածը տպագրվել է 1916 թ. մայիսի 22-ին: 101 տարի անց արտատպելով Կովկասի հայոց բարեգործական ընկերության (ԿՀԲԸ) խորհրդին ուղղված հրապարակումը, կուզենայինք նշել, որ այստեղ պարունակվում են արդիականությունը չկորցրած որոշ դիտարկումներ:

ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ԽՈՐՀՐԴԻՆ
Կազմակերպուած հասարակական բարեգործութիւնը, որ հներում միայն կուլտուրական ժողովուրդներին էր ծանօթ, ժամանակի ընթացքում թէ ձևի և թէ գաղափարի կողմից զարգացաւ, հասաւ այժմեան դրութեանը: Այժմ բարեգործութիւնը, որ մի հասարակական իմաստուն պարտականութիւն է, ոչ միայն նրա մէջ է կայանում, որ անցողակի նիւթական օգնութիւն հասցնի կարօտութեան մէջ գտնուող մարդուն` առժամապէս նրա տառապանքն ամոքելու համար, այլ` անմիջական նիւթական օգնութիւնը վերապահելով սուր մօմենտներին և արտակարգ դժբախտ դէպքերին, գլխաւորապէս ձգտում է էնպէս անի, որ մարդը մշտապէս ազատ մնայ աղքատութեան ու կարիքի երեսից, իր աշխատանքով ապրի և փոխանակ իր հասարակութեան համար մի անախորժ բեռը դառնալուն` դառնայ օգտակար անդամ:
Էս տեսակէտից էլ գործին նայելով` շատ հասկանալի է, որ Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերութեան կանոնադրութիւնը հենց իր առաջին յօդուածով էսպէս է որոշում Ընկերութեան հիմնական նպատակը.
«1. Ընկերութեան նպատակն է նպաստել լուսաւորութեան տարածմանը Հայերի մէջ Կովկասում և Անդրկովկասում և օգնել նոցա նիւթականապէս»:
Եւ էս նպատակին հասնելու համար նա ուսումնարանների և ուսման գործին է զարկ տալիս, արհեստներ է տարածում, գրականութիւնն է զարգացնում և տառապեալներին է օգնութեան հասնում:


Ակներև է, որ բազմազան են Ընկերութեան ընտրած ճանապարհները, որոնցով նա ուզում է լուսաւորութիւն տարածի հայերի մէջ, բայց և պարզ է սրա բացատրութիւնը: Էս բոլոր կէտերը եթէ իր ժամանակին մտել են ընկերութեան կանոնադրութեան մէջ` անշուշտ պատճառն էն է, որ էն ժամանակ ուրիշ ընկերութիւններ չը կային մեր մէջ, աշխատանքի բաժանումը չը կար: Սակայն էսօր, երբ մի կողմից` յայտնուել են նոր ընկերութիւններ, միւս կողմից` անկարելի բան է, որ մի մարմին կարողանայ էս բոլոր կէտերը ի կատար ածել` ձեռնհաս հանդիսանալով առաջադրած ամեն մի ասպարէզում` ժամանակն է, և շատ կարևոր, որ թէ Ընկ. Խորհուրդը և թէ Ընդհանուր ժողովը ուշադրութեան և քննութեան առնեն Ընկ. ոչ թէ արտաքին ծաւալը, այլ ներքին առողջութիւնը և ազատեն նրան թէկուզ և շատ ազնիւ, բայց աւելորդ հոգսերից:
Էդ թէկուզ և շատ ազնիւ, բայց աւելորդ հոգսերը Բարեգործական Ընկերութեան համար առայժմ ես համարում եմ հրատարակչական-գրական գործը: Արդէն Տեղեկագիրն ինքը (խոսքը ԿՀԲԸ գործունեության տարեկան տեղեկագրի մասին է- Խ. Դ.) հրապարակաւ յայտարարում է, որ հրատարակչական-գրական գործը Բ. Ընկերութեան ամենաթոյլ կողմն է: Եւ երբէք էլ չի զարգանալու, քանի որ մենք թէ հրատարակչական և թէ գրողների գրական յատուկ ընկերութիւններ ունենք, որոնք թէպէտև գրականութեան համար միանգամայն աննպաստ ժամանակի պատճառով գրեթէ կանգ են առել, բայց պատերազմը դադարելուն պէս գործի կանցնեն, և նրանց կողքին ուղղակի անիմաստ կերևան Բարեգործականի էդ կէտերը, որ իրեն համար ի միջի այլոց են:


Սրանից յետոյ մի երկու խօսք պէտք է ասեմ ուսումնարանական գործի մասին:
1915 թուականի Տեղեկագրից երևում է, որ Ընկերութիւնը նպաստ է տալիս 123 դպրոցի և կամ ուղղակի պահում է: Էդ դպրոցների մէջ շատ քչերն են երկդասեան: Չեմ ուզում երկար կանգ առնել դպրոցական խնդրի վրայ, թերևս աւելի ձեռնհաս մարդիկ խօսեն էդ մասին, բայց, իմ կարծիքով, լաւ կը լինէր, եթէ Բարեգործական Ընկերութիւնը աւելի ուշք դարձրած լինէր արհեստների վրայ և արհեստանոցներ բանար: Ընկերութեան նպատակների մէջ էս կէտը, դժբախտաբար, գրեթէ մոռացութեան է եղել մատնուած, և միայն վերջերս, գաղթականների գալուց յետոյ են երևում արհեստանոցները Թիֆլիս ու Դիլիջան: Էն էլ ժամանակաւոր են երևի, որովհետև գաղթականների հետ են կապուած:


Ինչու՞ համար եմ էսպէս ասում: Նրա համար, որ երեք-չորս տարուայ տարրական դպրոցի ուսումը ուսում չի, ոչինչ բան է, և գրեթէ միշտ գիւղացի երեխաները դպրոցն, էսպէս ասած, աւարտելուց մի քանի տարի յետոյ մոռանում են և մնում դարձեալ նոյն տգէտը, բայց երեք-չորս տարուայ արհեստ սովորած տղան արհեստաւոր է և մի կտոր հացի տէր կեանքի մէջ: Սրա համար էլ լաւ կը լինէր, եթէ դպրոցների թիւը թէկուզ և էդքան շատ չը լինի, բայց եղածները ուժեղ լինեն, իսկ արհեստանոցներ ինչքան կարելի է շատ բաց անել:
Ընդգծելով, որ ժամանակի ու հանգամանքների բերմունքով Ընկերութեան ուշադրութիւնը մեծապէս գրաւել է տառապեալներին օգնելու գործը, հետևեալ անգամ կը խօսենք նրա կենտրոնական գրադարանի մասին, որ միակ բանուկ հայկական գրադարանն է Թիֆլիսում, և նրա մի գեղեցիկ ձեռնարկութեան-իր ճիւղերի միջոցով դպրոցական-գիւղական գրադարաններ հաստատելու մասին:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ